Չար, խորամանկ, լկտի
և վերջապես վատ մարդու հետ
կատարվեց դժբախտություն:
Մի աղջիկ բռնեց նրա օձիքից
գլուխը կախեց և ասաց.
Չար, խորամանկ, լկտի
և վերջապես վատ մարդ ես դու
(ահա սա է դժբախտությունը,
որը պատահեց չար, խորամանկ լկտի
և վերջապես վատ մարդու հետ):
Օրը գորշ էր – փողոցը թաց,
ձյունը գորշ էր – ծառերը թաց,
մարդիկ գորշ էին – կոշիկները թաց,
մի խոսքով դժբախտությունը կատարյալ էր
ստեղծված էին բոլոր պայմանները
լիաթոք արտասվելու համար:
Եվ արցունքը շարժվեց ելման կետից
և սկսեց անցնել իր ճանապարհով:
Եվ միայն հիմա մենք կարող ենք հասկանալ
թե մինչև աչքին հասնելը
ինչեր են պատահում արցունքին:
Չար, խորամանկ, լկտի և վերջապես վատ մարդը
թաշկինակը սեղմել էր աչքերին
և անհամբերությամբ սպասում էր արցունքի հայտնվելուն:
Իսկ արցունքը ահա թե ինչու չկար.
արցունքը դեմ էր առել չարությանը ու լճացել էր:
Չար, խորամանկ, լկտի և վերջապես վատ մարդը
հասկացավ թե բանն ինչ է
և դեն նետեց չարությունը արցունքի ճանապարհից
և արցունքը շարունակեց իր ճանապարհը:
Խորամանկ, լկտի և վերջապես վատ մարդը
թաշկինակը սողմել էր աչքերին
և անհամբերությամբ սպասում էր արցունքի հայտնվելուն,
և արցունքը ահա թե ինչու չկար՝
արցունքը դեմ էր առել խորամակությանը և լճացել էր:
Խորամանկ, լկտի և վերջապես վատ մարդը
հասկացավ թե բանն ինչ է
և դեն նետեց խորամակությունը արցունքի ճանապարհից:
Լկտի և վերջապես վատ մարդը
չուզենալով, որ պատմությունը շատ երկարի
և միանգամից հասկանալով, թե բանն ինչ է,
արցունքի ճանապարհից դեն նետեց
լկտիությունը և վերջապես վատությունը:
Եվ երբ նա նետեց այդ ամենը,
մարդիկ հանկարծ միանգամից տեսան,
որ օրը գորշ է – փողոցը թաց է,
որ ձյունը գորշ է – ծառերը թաց են,
որ իրենք գորշ են – կոշիկները թաց են:
Եվ նրանք շարունակեցին տեսնել
և շուտով տեսան,
որ մարդու հետ դժբախտություն է պատահել
և նա լալիս է
իսկական, խոշոր արցունքներով…
Եվ միայն հիմա մենք կարող ենք հասկանալ,
թե ինչքան անհրաժեշտ էր գրել
այս բանաստեղծությունը: