Ցավ զգո՞ւմ եք,- հարցրեց բժիշկը, զարմանքով ուսումնասիրելով
ծաղիկը, որն աճել էր ուղիղ սրտիս մեջ – ճերմակ թերթիկներով
բարալիկ ծաղիկ էր, որը ես հանկարծ նկատեցի,
երբ հայելու առաջ,
մինչև գոտկատեղս մերկ, առավոտյան
սափրվում էի` ածելին զգուշորեն սահեցնելով
այտիս վրայով: Կրծքիս սև մազերի միջից պարզ երևում էին
ծաղկի դալուկ թերթիկները, այնքան նուրբ,
որ վախեցա ձեռք տալ –
թերթիկները չպոկվեն հանկարծ…
Այս տարիքո՞ւմ և ձմռան այս ցրտի՞ն,- գլուխը տարուբերեց
մեկ ուրիշ բժիշկ, որին հրավիրել էին մի հեռավոր երկրից,
որտեղ, ասում են,դա սովորական երևույթ է
և փողոցներում կարելի է հանդիպել մարդկանց`
ամբողջովին ծաղիկների մեջ կորած…
Բայց դե, այդ երկրում հավերժական գարուն է,
տաք ու անձրևոտ են եղանակները,- նկատեց
բուսաբանը և խոշորացույցով ծաղիկը մանրակրկիտ
զննելուց հետո շարունակեց,- Սա քո վերջին ծաղիկն է,
որը չպետք է թողնես թառամի,
այլապես ինքդ էլ կթառամես նրա հետ, ուրեմն,
պիտի հեռու պահես չար աչքից ու չար փշից
և պիտի ջրես օրը երեք անգամ…
…Իսկ երբ նրանք բոլորը հեռացան ու ես նորից կանգնեցի
հայելու առաջ,
սափրվելս հասցնելու ավարտին, պարզորոշ լսեցի
թե ինչպես ծաղիկն ասաց.
-Ես կթառամեմ, եթե սերը չորանա սրտիդ մեջ,
և կմեռնեմ, լսո՞ւմ ես,- ձայնը բարձրացրեց ծաղիկը,-
եթե հանկարծ ուրիշ ծաղիկ բացվի այնտեղ.
և զգուշացնում եմ` դու էլ կմեռնես ինձ հետ,
և մեզ կթաղեն նույն շիրմաթմբի տակ –
ամբողջովին ծաղիկների մեջ կորած: