Մարդկությունն ի վերուստ բաժանված է երեք մեծ խմբի` մարդիկ, ովքեր ծիծաղում են, մարդիկ, ովքեր ծիծաղելի են: Երրորդ խումբն ամենափոքրաթիվն է, և կազմված է մարդկանցից, ովքեր ծիծաղեցնում են: Ուրիշ կարգի մարդկանց, ինչքան էլ խորությամբ ուսումնասիրեք մեր հողագունդը, չեք գտնի:
Բայց կգտնեք մի զարմանալի փաստ, այն է` եղեռնով, ջարդ ու կոտորածներով, երկրաշարժներով և ընտրություններով լցված մեր պատմությունը շատ ավելի տրամադրում է լաց ու կոծի և կարծես տեղ չի թողնում ոչ միայն ծիծաղի, այլև թեթև ժպիտի համար: Սակայն առաջին և հետագա բոլոր հայացքներից անհուսորեն փակ թվացող այս տարածքից ելք վաղուց ի վեր գտել է հենց ինքը` ժողովուրդը: Հիշո՞ւմ եք, մեր ծանր աղետի` երկրաշարժի օրերին, երբ մեր մտավորականության, մեծ և հատկապես շատ մեծ բիզնեսի ներկայացուցիչները, քաղաքական և տնտեսական գործիչները և նույնիսկ կողմնակի անձինք` վշտի սգավոր կնիքը դեմքերին, հեռուստատեսությամբ և ռադիոյով, թերթերով ու հրապարակային բաց տարածքներում մրցման մեջ էին մտել, թե ով ավելի լավ կլացացնի տեղական և միջազգային հասարակայնությանը, և առավոտից իրիկուն սրտակեղեք ողբում էին դուդուկի լալահառաչ նվագակցությամբ, նույն այդ պահին փլատակների տակից հենց նոր դուրս բերած կիսամեռ, բայց աշխույժ գյումրեցին անեկդոտ էր պատմում` ծուռ ժպիտը փոշեկոլոլ դեմքին: Եվ պիտի ասել, որ մինչ վերոհիշյալ քաղաքական և տնտեսական վշտահար գործիչներն արցունքից ուռած ու կարմրատակած աչքերով, ցավից կոտրված սրտերով թալանում էին աղետի մեջ հայտնված գյումրեցիներին օգնության համար աշխարհի բազում երկրներից առաքված բեռը, հենց գյումրեցիները փրկեցին գյումրեցիներին` իրենց ծուռ ժպիտներով և իրենց իսկ հորինած անեկդոտներով…
Իսկ գիտե՞ք` ինչ էր անում Հովհաննես Թումանյանը Եղեռնի` մեր ժողովրդի կենսագրության ամենածանր շրջանում. երբ մտավորականության, մեծ և հատկապես շատ մեծ բիզնեսի ներկայացուցիչները, քաղաքական և տնտեսական գործիչները ողբում էին դուդուկի լալահառաչ նվագակցությամբ, մեր մեծ բանաստեղծը հրատարակում էր ուրախ ու թեթև պատմությունների, աշխույժ, կենսախինդ երգերի ու խաղերի ժողովածու` շատ լավ հասկանալով, որ ժողովուրդը հիվանդ է, հասել է մահվան շեմին, իսկ հիվանդի լավագույն դեղը, նրան ոտի հանելու միակ միջոցը ուրախ պատմություններով սիրտը բացելն է, եթե, անշուշտ, ուզում ես, որ հիվանդը ոտի կանգնի…
Ահա և ներկա օրերին, երբ դրսում մարդիկ լավ են ապրում, իսկ այստեղ` վատ, և դժվարին հոգսերի բեռի տակ կքած հայ ժողովուրդը ուր որ է կհասկանա, որ իր բոլոր` անցյալ ու ներկա ցավերի, կորուստների պատճառը ներսում պիտի որոնել և ոչ թե դրսում, որոշեցինք ուրախ և թեթև պատմություններով ոտի հանել մեր հիվանդ ժողովրդին, բացել նրա սիրտը, մաքրել ատելությունից, որը չափից դուրս շատ է կուտակվել` ինչպես աղբ` վարձը վաղուց չմուծած շենքի շքամուտքի առաջ:
Իսկ ընդհանրապես, սիրելի ժողովուրդ, ճիշտ է, մեր մոտիկ ու հեռու, հարևան ու բարեկամ ժողովուրդները նավթ ու գազ ունեն, ոսկի ու ադամանդ, բայց նրանցից առավել մենք ունենք ուրախ ու զվարթ ապրելու անսպառ հնարավորություններ, այո, նրանց նավթ ու գազի դիմաց մենք ունենք կառավարություն, Ազգային Ժողով, որոնց նիստերին, եթե ուշադիր հետևեք, ուշադիր լսեք ելույթները, խոստումներն ու ծրագրերը, ուսումնասիրեք հռետորների վզերը, փորերն ու կզակները, ապա մի այնպիսի հոմերական ծիծաղ կհամակի բոլորիդ, մի այնպիսի անզուսպ քրքիջ կտարածվի մոլորակով մեկ, որ ամբողջ աշխարհն ու նաև հարակից տարածքները նախանձից կտրաքեն…
«Սատիրիկոն», 2003, 18 նոյեմբերի, թիվ 1
/ամսաթերթի հիմնադրման առթիվ/