Ժողովուրդների բարեկամության մասին ամենաշատը
սկսում են խոսել պատերազմների նախօրեին և կամ
ազգամիջյան կոտորածների կարճատև ընդմիջումներին,
երբ երկուստեք հոգնում են սուր ճոճելուց
ու միմյանց թրատելուց,
ու ևս մի քիչ` կխեղդվեն արյան ծովերի մեջ,
ահա թե ինչու
փորձում են ժամանակ շահել դիակները թաղելու,
արդյունաբերությունը զարգացնելու համար…
Բյուջեից մեծ գումարներ կհատկացվեն`
կրթությունը կատարելագործելու նպատակով:
Նոր դպրոցներ կկառուցվեն` մեծ պատուհաններով
և հարմարավետ նստարաններով,
նոր եկեղեցիներ` ավերվածների տեղում:
Նոբելյան և զանազան այլ մրցանակներ կշնորհվեն
գրողներին` արդարություն, գութ ու կարեկցանք,
խաղաղություն գովերգելու համար:
Բայց ամենաշատը
կշահեն երաժիշտներն ու երգիչները,
ամենուրեք` փակ ու հատկապես բաց դահլիճներում
կհնչեն երգ ու երաժշտություն,
հնարավորին չափ բարձր և ուժգին`
խլացնելու աստիճան… Որպեսզի այդ համընդհանուր
աղմուկ-աղաղակի մեջ չլսվի
վիթխարի գործարաններում
արտադրվող նոր զենք ու զրահի թխկոց-չխկոցը…
P.S. Չմոռանամ նշել ամենավտանգավոր պահը.
դա այն ժամանակն է,
երբ տագնապալի խոսակցություն կծավալվի
ծխելու վտանգավորության մասին, այն մարդկանց
առողջությունը պահպանելու մտահոգությամբ, որոնց
պատրաստվում են գլխովին կոտորել
ընդամենը մի քանի օր հետո: