ՆՈՐ ԴԱՆԹԵԱԿԱՆ

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Ո՞ւր է տեղավորելու այսքան հանգուցյալի

Տերը մեր ամենազոր,

ի վերջո, անսահման չեն տարածքները ոչ դժոխքի

և ոչ էլ դրախտի, դե, քավարանինը նույնպես,

և պիտի պատկերացնել,

թե ինչ դժոխային ծանրաբեռնվածությամբ են աշխատում

սպասավորները հատկապես դժոխքի… Հասկանալի է,

անգամ առանց խորը գիտական վերլուծության,

որ սույն հաստատության դարպասների առաջ  են գոյանում

հերթերն ամենամեծ, ու թեև բրուտներն աշխատում են

քափ-քրտինք մտած,

միևնույն է, Հադեսում քննարկվող ամենասուր հարցը,

կպրե կարասների պակասուրդն է,

ինչպես նաև հմուտ կադրերի,

որոնք կարող են տանջել մեղավորներին,

առանց նրանց դեմքին ու դիրքին նայելու:

Եվ նայելով խառնամբոխի այս հարաճուն հեղեղին,

մեր Տերը, որ միակ տառապողն էր

բոլոր աստվածների մեջ,

կդառնա նաև հուսահատվածը միակ,

թափ կտա ձեռքը,

կշրջվի ու կհեռանա գլխահակ…

Եվ պատմությունը, որի սկզբում խոսքն էր,

կավարտվի ծանր,

չափազանց ծանր լռությամբ:

[sharify]