Աշուն է: Բանտարկյալների համար ոտանավոր կարդալու
լավագույն ժամանակը:
Ճերմակ ներկած դահլիճում հավաքված էին գույնզգույն
լաչակավոր մարդասպաններ, գողեր, ավազակներ…
Մի խոսքով, սովորական կանայք, որոնց կարելի է
հանդիպել ամենուրեք` փողոցներում, թատրոններում,
տոնավաճառներում, և հատկապես, ընտանեկան
հաճելի մթնոլորտում` հարազատներով շրջապատված:
Ոգևորված խոսում էի անկախությունից, ազատությունից,
բազմակուսակցությունից և հարաբերություններից միջազգային:
Նրանք ծափահարում էին խանդավառ և հետո խնդրեցին ինձ`
սիրային բանաստեղծություններ կարդալ, որոնց մեջ
խոսք չլիներ անկախության և հատկապես ազատության մասին:
Աշուն է: Բանտարկյալների համար սիրային և հատկապես
բաժանման բանաստեղծություններ կարդալու
լավագույն ժամանակը:
Եվ ահա, սեր իմ, ես հիշեցի քեզ և կարդացի մեր կարճատև
հանդիպման և երկարատև բաժանման, հեռավոր աշնան մասին,
երբ ծառերը սովորականից շուտ տերևաթափվեցին, և ես
թեթև հագնված հանկարծ խորացա ձյուն ու ձմեռվա մեջ
և այլևս չվերադարձա… Հուզմունքից խզված ձայնով
կարդում էի, և արցունքները գետի պես հոսում էին
աչքերիցս, և հանկարծ նկատեցի, որ բարձր, ձայնը
գլուխները գցած, առանց ամաչելու լալիս են նաև
գույնզգույն լաչակավոր մարդասպանները, գողերը,
ավազակները… Սովորական կանայք, որոնց, արդեն
գիտեք` որտեղ կարելի է հանդիպել…
Աշուն է: Առանց ամաչելու: Բարձր: Ձայնը գլուխը գցած
լաց լինելու լավագույն ժամանակը: