ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՁԵՌՆԱՐԿ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Պոեզիա > ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՆՔԻՑ

Սիրով նվիրում եմ Նորա Արմանիին

1. Ահա, երկար տարիներ ապրում եմ ես
իմ ժողովրդի հետ այս քարերի վրա,
այս ժայռերի մեջ ու ծեպերից մի կերպ կառչած-
որովհետև արոտներն ու դաշտերը,
հողերը տարել են վաղուց…
Ձեր ինչի՞ն է պետք հողը, ասել են,
արոտներն ու դաշտերը ձեր ինչի՞ն են պետք,
չէ՞ որ դուք խելոք ու աշխատասեր մարդիկ եք
և կարող եք քարից հաց քամել
և միրգ ժայռերից ու ծեպերից…
2. Հետո ծովերն են տարել և ասել են.
չէ՞ որ դուք խելոք, աշխատասեր մարդիկ եք,
դուք կարող եք երկնքից ջուր քամել
և լողալ մտքերի ծովում ազատորեն…
Ապա ճանապարհներն են տարել, բացատրելով, որ մենք
հարուստ երևակայություն ունենք և կարող ենք
ճանապարհորդել մտովի… ընդ որում,
մեծ հաճույք ստանալով
նվազագույն ծախսերի պարագայում…
3. Իսկ հետո սկսեցին հացը տանել, որը
քարից էինք քամել- ասացին՝ դուք Աստուծո
սիրասուն զավակներն եք և առաջապահն եք
նրա նվիրական զորքի… Գթացեք ձեր հարևաններին
որ չեն կարողանում կշտանալ առանց ձեր հացի,
իսկ դուք հին ու տառապած ժողովուրդ եք,
դիմացկուն եք և, ուրեմն, կարող եք ապրել առանց հացի,
օգտվելով առավել սննդարար հոգևոր հացից…
4. Իսկ հետո դռները տարան՝ ծխնիներից տեղահան անելով
և ամոթով տվեցին և ասացին.- Ձեր ունեցվածքը
փակի տակ եք դրել, դիտավորյալ, որպեսզի
մութ բնազդներ արթնացնեք ձեր պարզհոգի հարևանների մեջ,
ստիպելով նրանց՝ վտանգի ենթարկվելով, լուսամուտից
տանել այն, ինչը կարելի էր շատ հանգիստ
անցկացնել լայն բացված դռնով…
5. Ասացին նաև.- Դուք, որ հյուրասեր ու խաղաղ ժողովրդի
համբավ եք վայելում, այնուհանդերձ,  դիմադրության
փորձ եք արել՝ հնարամիտ ու խորամանկ քայլ,
որպեսզի ձեր հարևանները, բնության այդ պարզ և անմիջական
զավակները հարկադրված կոտորեն ձեզ և դրանով իսկ՝
խայտառակվեն աշխարհով մեկ, ինչը և
ձեր նպատակն է եղել հետին…
6. 7. 8. 9. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
…Եղել են նաև ուրիշ օրեր՝ բաց են եղել դռները երկնքի,
մանանա է իջել թանձր ու խիտ, քաղցր մեղրի նման,
հաստ շերտով նստել է գետնին և մազանոթներով
թափանցել է խորքերը հողի՝ հարձակվել են չորս կողմից,
պատառ-պատառ են արել, հոշոտել են մոլուցքով,
քաղցի բույրից խենթացած վայրի զեռուն ու գազան…
…Մնացել է ափիս մեջ նշխարաչափ մի պատառ,
ամեն կողմից կրծոտված մեղրաբլիթ… Հայաստան…

[sharify]