52. ԽՈՐԸ ՎԻՇՏ, ՈՐԸ ՀԵՏՈ ՓՈԽՎԵՑ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

Ընտրությունների ավարտից հետո, մենք խորը ցավ ու ափսոսանք ապրեցինք, երբ ընտրված քաղաքապետների, համայնքապետների ցուցակում երկար որոնեցինք և այդպես էլ չգտանք Մաեստրոյի անունը: Անմիջապես զանգեցի կենտրոնական ընտրական հաննձնաժողով, որտեղից դարձյալ խորը ցավով և ափսոսանքով հայտնեցին, որ նույնիսկ մրցակցության լիակատար բացակայության պայմանններում Մաեստրոն չի ընտրվել… համայնքի իսպառ բացակայության խիստ հարգելի պատճառով: Այնուհանդերձ, կենտրոնական  ընտրական հանձնաժողովի նախագահը խորը հուզմունքով և հպարտությամբ հավաստեց, որ Մաեստրոյի ընտրական տեղամասը միակն է եղել ամբողջ հանրապետությունում, որտեղ ոչ մի խախտում, ընտրական օրենսգրքից ոչ մի շեղում չի արձանագրվել, ինչը արդարացիորեն  արժանացել է դիտորդների և շտապ օգնության աշխատակիցների բարձր գնահատանքին, որոնց եռանդուն ջանքերի շնորհիվ, ի դեպ, հնարավոր եղավ Մաեստրոյի գրեթե լիովին սառցակալած մարմինը Արագածի գագաթից իջեցնել Երևան և վերակենդանացնել շուրջ մի արկղ օղի շփելով նրա չափազանց փռչոտ մարմնին: Իմիջի այլոց, երբ երկարատև շփումներից և մերսումներից հետո նա ուշքի եկավ և տեսավ հատակին օղու դատարկ շշերը և իմացավ, թե ինչ նպատակի համար են դատարկվել դրանք, խորը ափսոսանքով օրորեց գլուխն ու դառնությամբ ասաց.

-Ահա թե ինչ ախմախ բանի վրա է ծախսվում Արարատյան դաշտի հրաշալի բարիքը: – Այդ պահին մեր բոլորի աչքերը լցվեցին արցունքով. չէ՞ որ   այսպես կարող էր ասել միայն հիրավի մեծ գրողն ու հայրենասեր գործիչը:

[sharify]