Կենսագրություն

Հովհաննես Գրիգորյանը ծնվել է 1945 թ. Գյումրիում: Գրել և տպագրվել սկսել է դեռևս դպրոցական տարիներից: Բանաստեղծությունների առաջին` «Երգեր առանց երաժշտության» ժողովածուն հրատարակվել է 1975 թ.: Բանաստեղծական ժողովածուներն են` «Երգեր առանց երաժշտության» (1975), «Բոլորովին ուրիշ աշուն» (1979), «Անձրև մի տխուր առիթով» (1982), «Դանդաղ ժամեր» (1986), «Հրեշտակներ մանկության երկնքից» (1992), «Երկու ջրհեղեղի արանքում»(1996), «Կես ժամանակ» (2002), «Գիշերահավասար» (2006), «Երբեք չմեռնես – ահա թե ինչ կասեմ քեզ» (2010):

2004-ին լույս տեսավ նրա արձակ առաջին`«Մաեստրո» գիրքը, իսկ 2008-ին` էսսեների և հոդվածների «Բաց դռների օր Մհերի քարայրում» ժողովածուն: Իսպաներենից թարգմանել է Կ. Ֆուենտեսի «Արտեմիո Կրուսի Մահը»(1979թ.), Խ.Կորտասարի «Վիճակախաղ» (1983 թ.) վեպերը, Խ. Օրտեգա-Ի-Գասեթի «Մշակույթի փիլիսոփայություն» (1999թ.) էսսեների ժողովածուն, Ֆ. Դե Ռոխասի «Սելեստինա» (2007 թ.) դրաման:

Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Առանձին գրքերով թարգմանաբար լույս են տեսել Ռուսաստանում («Չուղարկված նամակներ», 1985թ.), Ֆրանսիայում («Constitution», 2007թ.), Իրանում`(«Բոլորովին ուրիշ աշուն» 2009 թ.):

Հովհաննես Գրիգորյանը մի շարք գրական մրցանակների դափնեկիր է: 1998 թ. պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: 2011թ. Հովհաննես Գրիգորյանն արժանացավ ՀՀ պետական մրցանակի գրականության և հրապարակախոսության ոլորտում իր «Երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ» գրքի համար:

Մահացել է 2013թ․ փետրվարի 7-ին։