ԱՀԱ ԵՎՍ ՄԻ ՆՈՐ ԳԵՏ

Պոեզիա > ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՆՔԻՑ

* * *
Ահա ևս մի նոր գետ, որը դեռևս չի գրանցվել
քարտեզների վրա: Նրա անունը
կարելի է Աղի դնել, կամ էլ պարզապես՝
Արցունքի: Այն հոսում է սովորական դաշտերի միջով
և ամենասովորական լեռների: Նրա վրայով
հետագայում գուցե գեղեցիկ կամուրջներ գցեն՝
և կսուրան զանազան վոլվոներ, մերսեդեսներ,
գույնզգույն ավտոբուսներ՝ լցված զբոսաշրջիկներով,
որոնք իրենց գործերը թողած, իսկ ոմանք էլ՝
թողած իրենց շատ կարևոր գործերը
կգան տեսնելու Գետը, որը թեև հոսում է
սովորական դաշտերի միջով և ամենասովորական
լեռների- բայց միակն աշխարհում,

որն ամբողջովին արցունքից է
և ամբողջովին աղի, իսկ ամենահետաքրքիրն այն է,
որ երբ արևը թաքնվում է ամենասովորական
լեռների ետևում և թանձր խավար է իջնում
սովորական դաշտերի վրա- Գետը,
որն ամբողջ օրը լուռ հոսել էր
իր ափերի միջով- սկսում է բարձրաձայն հեծկլտալ
և խոսել ողբաձայն
ինչ-որ մի հին ու տխուր լեզվով,
որն հիմա ոչ ոք չի հասկանում…