Եվ ինչ իմաստ ունի այսքան ջուր մի տեղ հավաքել
և այսքան ավազ,
հետո ձկներ բազմացնել
ծովահարսեր հորինել
և բազմաթիվ այլ հոգսեր:
Ծանր է,
ծանր է առնել քո սրտի վրա
անցած լավ ու վատ օրերիսիրելի տխրությունը…
Ես անշուշտ դեմ չեմ,
որ պետք է նստել ու նայել ծովին՝
հեռվից նավեր կանցնեն՝ կտեսնես,
ալիքներ կգան կխփվեն ափին՝ կհիանաս,
ես անշուշտ դեմ չեմ,
որ այս ամենը անհրաժեշտ է
պոետական արվեստը զարգացնելու համար:
Բայց ծանր է,
ծանր է, երբ տունդարձի ճանապարհին
դու նորից առնում ես քո սրտի վրա
անցած լավ ու վատ օրերի սիրելի տխրությունը:
Իսկ մոծակները ճանապարհին քեզ տանջում են
ինչպես որ հարկն է:
… Դու մի՞թե այս օրերի համար ոչինչ չունես պահած,
դու չէ՞ որ այս օրերին կապված ես անվերադարձ:
… Տագնապը թեթև խփեց քո ուսին,
դու շուռ եկար
ու այդպես մնացիր
քարացած
կանգնած…