ԵՎ ԱՅՍՊԻՍՈՎ ԴՈՒ ՀԱՅՏՆՎԵՑԻՐ ԱՄԵՆԱԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ…

Պոեզիա > ԵՐԳԵՐ ԱՌԱՆՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ

Եվ այսպիսով դու հայտնվեցիր ամենաառաջին գծում,

(հիշո՞ւմ ես –

դու գրել ես այս մասին ինչ-որ ժամանակ):

Եվ այսպիսով դու իջար տեսական պայքարի էջերից

ու սկսեցիր քայլել ետ ու առաջ

ամենաիսկական խրամատի երկայնքով:

Զարմանալիորեն արագ կատարվեց այս փոփոխությունը,

և դու դեռ հերոսաբար մարտնչում ես

կարոտի, հպարտության և թատերականության դեմ:

Բայց արդեն սկսվել է քո մյուս կյանքը,

որը պատերազմ է կոչվելու առանց ընդմիջման

ու թեև արյան ու սպանության մասին

հիշատակումներ չեն լինելու այսուհետ,

սակայն զենքը միշտ էլ ուղղված է իր ճիշտ ուղղությամբ,

զենքը, որին ես հիմա վարժվել եմ բավականին:

Դու սովորեցիր նաև քնել ձյան վրա

և ծովի հենց ափին փորված խրամատի մեջ,

դու սովորել ես նաև չքնել ընդհանրապես

և մոռացել ես ասել, որ այս ամենը

ծանր է ու դժվար

և կուրծք չես ծեծում

ռիթմիկ շարժումներով:

Բայց արդեն շարունակվում է քո մյուս կյանքը,

որտեղ դու ամբողջ մարմնով սեղմվել հողին

ու գլուխդ թաղել ես կանաչների մեջ

և վաղուց տանից հեռացածի զարմանալի

հոտառությամբ

ճանաչել ես հանկարծ մորդ շորերի բույրը

ու էլ չես կարողանում,

բոլորովին չես կարողանում բաժանվել…

[sharify]