Քեզ չի սիրելու
կանաչ աչքերով էլ ոչ մի աղջիկ,
էլ ոչ երկինքն է թվալու անափ,
ոչ հեռուն՝ մոտիկ:
Քանի դեռ ուշ չէ,
մի կատու ճարիր խոսել իմացող,
իսկ ինքդ լռիր:
Ամեն առավոտ
ծաղկամաններդ կջրես անխոնջ,
վանդակների մեջ կերը կփոխես,
իսկ երբ հոգնես,
պատուհանիդ մոտ կնստես հուշիկ
և վարագույրիդ փեշը ետ ծալած
աչքդ փողոցին՝ կընկնես մտքի մեջ…
– Թե լիներ կանաչ աչքերով աղջիկ,
կսիրեի՞ր, տեր իմ, – կհարցնի կատուն, –
դու կասես՝ այո:
– Եվ նա կլիներ անչափ գեղեցիկ,
հմուտ սիրո մեջ, – կասեր նույն կատուն, –
դու կասես՝ այո:
– Կանցներ փողոցով և երկինքն իսկույն կթվար անափ,
իսկ հեռուն՝ մոտիկ, –
դու կասես՝ այո
և կվերջանա օրը հենց այստեղ
և դու կքնես մի անվերջ գիշեր
ու չես արթնանա
ինչքան համոզեն: