Ի՞նչ իմաստ ունի ճշտել, թեև հնարավոր է, թե լուրն առաջինը
ով տարածեց. «Այսօր ինչ-որ բան է լինելու» – և աշնան քամին
դեղին տերևներին խառնելով` տագնապը ցրեց քաղաքով մեկ:
Կան նաև ուրիշ քաղաքներ, ուր Սոկրատեսի պատկերով
լրջախոհ տղամարդիկ խորիմաստ մտքեր են
գրի առնում կաշառակերությունից ազատ ժամերին:
Նրանք անտեղյակ ապրում են խաղաղության մեջ:
Իսկ այս մեկում վաղուց էին սպասում: Եվ ահա
վերջապես լուրը տարածվեց:
Աշուն է, տխուր լուրեր ստանալու ամենատարածված
եղանակը: Դեսուդեն ցրված տերևներ` հանգուցյալի
դարակներից նետած դեղնած նամակների նման,
որոնք ավելի են սրում տագնապի զգացումը:
Զարմանալի է, մարդիկ գնալով ավելի
ու ավելի քիչ են մտածում մահվան մասին
և շարունակում են եռանդով ծամել ու ուտել,
երբ մարմնի մի կեսն արդեն մեռել է,
իսկ մյուս կեսին մնացել է մի քանի ժամ, գուցե րոպե:
Այս իˉնչ
հիմար շորեր ես հագել,- մահվան մահճում հանդիմանում էր
մայրը աղջկան, բայց տագնապն արդեն նրան էլ էր հասել
և նա միանգամից լռեց` վախեցած նայելով
պատուհանից դուրս…
Այս իˉնչ հիմար շորեր եմ հագել,- տագնապահար
նայեց հայելուն Սոկրատեսը, որն աղոտ
պատկերացում ուներ կաշառակերության մասին,
թեև փիլիսոփայությունից ազատ ժամերին լրջախոհ
տեսքով շրջում էր XXI դարի միջանցքներում, ձեռքերը
պարզած երկինք բացականչելով,- Այս իˉնչ հիմար
շորեր եք հագել…
Միգուցե արդեն գարուն է,
միգուցե ծառերն արդեն ծաղկել են,
միգուցե լուրերն ուրիշ դռներ են թակում,
և ուրիշ
պատուհաններից է տագնապը սողոսկում ներս,-
Այս իˉնչ հիմար շորեր են հագիս, արագորեն հանվելով
մտածում էի ես և սրսփալով մտնում անկողին`
ծածկվելով չորացած տերևների
ու դեղնած նամակների
վերմակով…