Ես ասում եմ` չկա սեր ձեր սրտերի մեջ
Հեռուներից եկած մի մարդ, քայլիր, ահա,
այս բազմահարկ շենքերի արանքով, ապրիր այս
միակ կյանքը, որի նպատակն այսօր միայն
մեռնողներին է հայտնի: Տես դժոխքը երկրի վրա,
հիացիր ծծմբով լցված թուջե կարասների
ամրությամբ: Մատներդ տար մանրաքանդակների
վրայով և իմացիր, որ հին վարպետներն այստեղ
միշտ էլ ցանկալի հյուրեր են եղել, դեռ ավելին,
նրանք, շատ հաճախ, իրենց իսկ սարքած
կարասների մշտական բնակիչներն են հանդիսացել:
Փոքրիկ հարցազրույցներ անցկացրու մեղապարտների
հետ, կտեսնես, բառերն ինչպես են մեղրի նման
ծորում նրանց ճաքճքած շրթունքներից, և ժպիտը,
որ չի քայքայվում նույնիսկ ծծմբի մեջ, ժպիտը,
որը բավականին մեղմացնում է մարմնի տառապող
այն կեսը, որը խրված է ցավերի ու կսկիծների ծանր
հեղուկի մեջ: Ահա, հեռուներից եկած մի մարդ, որը
կանգնած է ավերակների մեջ և լռում է` կոտրված
ժպիտը դեմքին, ու թեև նրա ծնկները դողում են
ցավից, սակայն կարողանում է բարձրացնել երկու
ձեռքը, հասկացնելով, որ եկեք,
եկեք բազմահարկ քարանձավներից, մոտեցեք ինձ,
շոշափեցեք իմ մարմինը, տեսեք ձեր աչքերով,
թե ինչպես է հոգին անջատվում մսից, և տեսեք
ձեր աչքերով, ինչպես է ափիս մեջ ճաքճքվում
սիրտը, որից հեռանում է սերը,
և ինչպես է փոշի դառնալով ծորում մատներիս
արանքով, և տեսեք, ես էլ արդեն ընդամենը հող եմ,
հողի մի փոքրիկ բլուր:
Եվ ուրիշ ոչինչ: