ԵՎ ՔՈ ՈՏՔԵՐԸ ՔԵԶ ՏԱՆՈՒՄ ԵՆ…

Պոեզիա > ԵՐԳԵՐ ԱՌԱՆՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ

Եվ քո ոտքերը քեզ տանում են

սենյակի մի անկյունից մյուսը:

Դեռ որոշակի հայտնի չէ,

թե դու ջղայնացած ես, տխուր ես, թե ուրախ,

բայց դու ողջամտորեն ցրում ես ամպերը

և հմտորեն տողեր ես շարում իրար հետևից,

և դատողությունները պոկվում են քո կյանքից

առանց ցավ պատճառելու…

Եթե դռները բացվեն-փակվեն ճիշտ ժամանակին,

ինչ ուրախ կանցնեին օրերը քո ծանր կյանքի,

և աղջիկների երամները կիջնեին քո

ցանկապատին

և նրանց փետուրներից բարձր կլցնեիր,

և ինչ ուրախ կանցնեին օրերը,

և ինչպես նաև ժամերը քո ծանր կյանքի:

… Իսկ քո ոտքերը քեզ տանում են դեպի պատը

և ուսերդ սկսում են ցնցվել կատաղի,

և չնայած դեռ որոշակի հայտնի չէ՝

դու լալիս ես, թե ծիծաղում,

բայց և այնպես

բանաստեղծությունը ընդհատում ենք

վերջնականապես:

[sharify]