Կան շենքեր, օդակայանն էլ մեկն է դրանցից,
միգուցե հենց առաջինը,ուր մտնելուն պես
բոլորի դեմքերը միանգամից փոխվում են,
և նրանց, ովքեր մեկնելու են որոշակի ժամի,
և նրանց, ովքեր ճանապարհում են
անորոշ ժամանակով,
և նրանց ովքեր գալիս են դիմավորելու,
սովորաբար երկար ժամեր առաջ:
Նրանք անմիջապես մոռանում են,
թե դրսում ինչ եղանակ է,
աշո՞ւն է, թե ընդհակառակը…
Անձրև՞ է գալիս, միգուցե ձյուն կամ կարկուտ,
թեև ամենակարևորն այն է, որ նրանց բոլորի
դեմքերը միանգամից փոխվում են`
այտերը եռում են,
իսկ աչքերը` տառապում այդ եռացող կաթսայի մեջ…
Ահա թե ինչու գնալով շատանում են նրանք,
ովքեր այլևս չեն դիմանում այդ տառապանքին
և տանն են հրաժեշտ տալիս հարազատներին
ու մտերիմներին, և միայնակ
թափառում են սպասասրահի լայնք ու երկայնքով`
չարությամբ նայելով նրանց ովքեր խմբերով են`
նա, ում ճանապարհում են, սովորաբար խմբի
կենտրոնում է,
ինչպես շուրջակալ արված որս, որը հուսահատ ու
թափառող հայացքով
ճեղք է որոնում փախչելու համար, և եթե
հաջողվում է նույնիսկ,
ապա կարճ ժամանակ անց օղակը դարձյալ
սեղմվում է նրա շուրջ,
և արդեն որերոդ անգամ կրկնվում է
նույն հարցը` բան չե՞ս մոռացել… Եվ բոլորը միանգամից
նետվում են ճամպրուկների և պայուսակների վրա
և ապա
մեկնողի գրպաններն են քրքրում` հո բան չի՞ մոռացել…
Այս շենքը մտնելուն պես բոլորը միանգամից մոռանում են,
որ բան չեն մոռացել, և հրաժեշտ են տալիս
ինչպես վերջին անգամ, թեկուզ ճանապարհելիս լինեն
ընդամենը երկու կամ երեք շաբաթով,
և վերադառնում են տուն հաշտված, հանդարտված,
պարպված, խաղաղված –
ինչպես հուղարկավորությունից հետո…