Ինձ այսօր մի շրթնհարմոն նվիրեցին: Գեղեցիկ նախշերով
մի սքանչելի երաժշտական գործիք,
որը նվագում ես առանց մեծ ջանք գործադրելու
և ձայնը դուրս է գալիս մի ակունքից
և Լեթայի ու Եվնոյեի նման
հոսում է տարբեր ուղղություններով:
Ոմանց լոբի նվիրեցին, շատերը ոսպ ստացան,
առավել երջանիկները ահա սուրում են դեպի իրենց տները
ցնծությունից խելակորույս`
ալյուրով լեցուն տոպրակները կրծքներին ամուր սեղմած:
Իսկ ինձ` հաշվի առնելով հակումս արվեստի նկատմամբ
և տեսնելով, որ հոգիս ցամաքում է երաժշտության պակասից,
նվիրեցին գեղեցիկ նախշերով այդ սքանչելի երաժշտական գործիքը,
որի ձայնը դուրս է գալիս մի ակունքից
և ապա տարածվում երկու ուղղությամբ.
թե առաջինը լսես` կմաքրագործվես մեղքերից բազում,
իսկ թե երկրորդը` բարի գործերի հուշեր կարթնանան…
Եվ ահա, խավար ու ցուրտ սենյակում նստած
բազմոցին, կողք-կողքի, իմ փոքրիկ ընտանիքով,
նվագում ենք հերթով` նախ ես, որպես ավագը ամենից,
և ապա կինս, որպես մի պարզ մտավորական աշխատավոր,
և վերջում դուստրս տասնամյա, որի առավելությունն ակնհայտ էր`
երաժշտական կրթությունը նրան օգնում էր
նվագել միանգամից երկու ուղղությամբ:
Եվ երբ երկար ժամեր մաքրագործվեցինք մեղքերից մեր բազում
և բավականաչափ հարստացանք հոգով`
արթնացած հուշերից բարի գործերի,
լուռ կանգնեցինք կողք-կողքի խավար պատուհանի առաջ`
նայելով դիմացի տան պայծառ լուսավորված
պատուհանին, որտեղից պարզ երևում էր սեղանը ճոխ,
որպես նատյուրմորտ մի հոգեպարար,
իսկ որպես երաժշտություն` միալար բվվոցն էր լսվում
աշխույժ աշխատող առողջ ոսկորների, կափկափյունը ատամների
և ինքնամոռաց մռլտոցը, որը վերին հաճույք էր արտահայտում…
Այնուհանդերձ, ասաց կինս, երբ կիսված մոմն հանգցնելով
զգուշությամբ, արդեն քնելու էինք պատրաստվում, այնուհանդերձ,
ասաց նա` երանի~ հոգով աղքատներին…
Թերևս,- մտախոհ պատասխանեցի,- բայց միայն երբեմն,-
ավելացրեցի անչափ ուրախացած,
վերջապես կռահելով խորախորհուրդ իմաստն այդ աստվածային
իմաստնության:
Եվ քնեցի մանկան խորունկ քնով: Հանգստացած:
Հասկանալով, որ այլևս չմնաց ոչ մի հարց
անպատասխան: