Նոր երկիր գտնելու որոնումները վաղուց են սկսվել`
արբանյակները հետախուզում են ծակուծուկերը
տիեզերքի,
և հեռու չէ այն օրը, երբ կհայտնաբերվի ևս մի
դժբախտ մոլորակ`
մաքուր ու զուլալ գետերով ու ծովերով, անտառներով
ու դաշտերով,
պլատոններով ու արիստոտելներով, կապույտ
ու անամպ երկնքով,
արդար ու թափանցիկ ընտրություններով…
Եվ ճխտած ճամպրուկներով, իրար հրմշտելով
մարդկանց ծովածավալ բազմությունը
մորեխի նման կհարձակվի
այդ նոր երկիրը գրավելու համար…
Եվ ինչ թեթևությամբ կլքեն մարդիկ
հողագունդն իրենց հայրենի,
որին քանի ու քանի քաղցրանուշ երգեր են նվիրել,
որի ամեն մի թիզ հողի համար մարդկության
մի կեսն իր արյունը հեղել է
հանուն հայրենիքի, իսկ մյուս կեսը` այդ հայրենիքը
նվաճելու համար…
Կլքեն թանգարանները, ուր խնամքով հավաքել են ի ցույց`
հիշատակներն ու գանձերն իրենց նախնիների…
Կլքեն գրադարանները, որոնք պայթում են
իմաստուն գրքերի առատությամբ, կլքեն բուրգերը
եգիպտացի փարավոնների, մագաղաթները հնամենի,
որոնք հայտնաբերել են Մեռյալ ծովի առափնյա անձավներից…
…Եվ երբ վերջին մարդը կհեռանա,
երբ, սեր իմ, կմնանք մեն-մենակ
այս ցեխակոլոլ երկրի վրա, ես կբռնեմ ձեռքդ,
կնայեմ աչքերիդ մեջ, և ձայնս գլուխս գցած
կարտասանեմ այն բառերը,
որոնք ես պահել էի հոգուս ամենախորքում.
– Ես քեզ սիրում եմ…
Եվ մինչև սրտի խորքը հուզված երկինքը կարձագանքի
բուռն ծափահարություններով, ողջույնի որոտներով
ու կայծակներով և յոթ ցերեկ ու գիշեր տեղատարափ
անձրև կթափվի
և բուռն զարգացող արդյունաբերության
թափոններից և գյուղատնտեսության քիմ. պարարտանյութերից,
ակցիզներից ու բազմազան հարկերից ու տուրքերից
վերջնականապես մաքրված երկրագունդը կպլպլա
դրախտային խնձորի նման, և հենց արևը դուրս գա,
Տերը բարեհոգաբար ժպտալով ձեռքը կդնի գլխներիս
և կասի.
– Դե հիմա, զավակներս,
ինչքան ուզում եք սիրեցեք զմիմեանս,
և առավոտից իրիկուն կերեք իմ այգու էկոլոգիապես մաքուր
խնձորները,
լավ կլինի` աչքից հեռու մի տեղ…