ՉԿԱ

Պոեզիա > ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՆՔԻՑ

Ամենաթարմ բառը, որ երբեք չի հնանում, որովհետև
սերը վաղուց չկա: Միայն ձայնը հեռվից
խոսում է քեզ հետ և կամ խոսում է ընդհանրապես,
ինչ-որ անորոշ ուղղությամբ և դու
ընդամենը մեկն ես նրանցից, որը լսում է դեռ:
Ամենապսպղուն բառը, որն անվերջ շարժման մեջ է, որովհետև
հույսը վաղուց չկա: Եւ կա միայն հիշողություն,
որ երբևէ անտառներ են ծածկել այս լերկ
սարերը և եկեղեցիների զանգերի քաղցր ղողանջը
տարածվել է հեռու, ավելի հեռու և բնության զավակները
հարազատ ապրել են ծառերի ստվերում
     երեխաներ- իմաստուն խոհերի մեջ խորասուզված,
կանայք- դաժան ու խստաշունչ պահվածքով,
տղամարդիկ- որ ասեղնագործում են օրնիբուն,
ծերունիներ- մանկական խաղերով տարված
և բազմաթիվ ընտանի կենդանիներ, գույնզգույն ու ինքնավստահ,
թեև նրանց և ոչ մի խոսքին չի կարելի հավատալ:
Հիմա աճում է մի ծառ:
Առանց որևէ մեկի օգնության:
Հեռվում տոմսարկղն է: Մարդկանց մի վիթխարի բազմություն,
որ անվերջ հերթով գալիս են նայելու,
թե ինչպես է աճում ծառը
առանց որևէ մեկի օգնության:
Սերը վաղուց չկա:
Հույսը վաղուց չկա: Բայց դու շարունակում ես ապրել,
որովհետև մեկն ես նրանցից,
որը լսում է դեռ:

[sharify]