ԲԱԶՄԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Պոեզիա > ԿԵՍ ԺԱՄԱՆԱԿ

Ա կուսակցությունը սիրում է ժողովրդին

և քրտնմխած պայքարում է

ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար:

 

Բ կուսակցությունը շատ է սիրում ժողովրդին

և քրտնմխած պայքարում է Ա կուսակցության դեմ

ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար:

 

Գ կուսակցությունը չափազանց շատ է սիրում ժողովրդին

և քրտնմխած պայքարում է Ա և Բ կուսակցությունների դեմ

ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար:

 

Դ կուսակցությունը բոլորից բշատ է սիրում ժողովրդին

և քրտնմխած պայքարում է Ա, Բ և Գ կուսակցությունների դեմ

ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար:

 

Ահա շքեղ, բազմագույն ծաղկեպսակների միջից հազիվ երևում է

աչքերն հավիտյան փակած՝ ոսկրացած, մի բուռ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՝

կուսակցությունների համընդհանուր սիրով շրջապատված…

[sharify]