Եվ հանկարծ ես զգացի,
թե ինչքան է ինձ հոգնեցրել այս ձմեռը
և վերարկուն,
որ ծանր է հոգսի պես:
Մոլորված հայացքս կանաչ գույն որոնեց
ծառերի վրա
և երկնքի վրա՝ կապույտի մի ծվեն:
Եվ քաղաքի ծառերը՝ հավերժ անքուն ծառերը,
հոգնած ու տխուր
հող են որոնում նրանք
և իզուր քերծում իրենց ճյուղ-մատները
ասֆալտին:
Իսկ երկնքից նորից ձյուն է իջնում
ծառերին,
իմ և գեղեցիկ աղջիկների վրա,
երեխաներին ինչ՝ նրանք սիրում են ձմեռը
և ձնագնդի են նետում ծառերին,
աղջիկներին,
իսկ ինձ չեն նկատում զարմանալիորեն:
Եվ հանկարծ զգացի,
թե ինչքան է ինձ հոգնեցրել այս ձմեռը
և զգացի հանկարծ,
որ քայլում եմ շարունակ
մի փոքրիկ աղջկա ետևից,
որ կանաչ վերարկու էր հագել
և կապույտ գլխարկ ուներ դրած գլխին…