ԵՐԲԵՄՆ

Պոեզիա > ԳԻՇԵՐԱՀԱՎԱՍԱՐ

Երբեմն անձրևը տևում է ավելի քան

(չափազանց երկար) և ես ստիպված

գրիչ եմ վերցնում և գրում եմ խառնաձայն

տողեր` այդ խոնավ միապաղաղության մեջ

ինչ-որ փոփոխություն մտցնելու հուսահատ

ճիգով: Երբեմն արևը չի տաքացնում

հնարավորին չափ, իսկ Ջորդանո Բրունոն շարունակում է

խորովվել բենգալյան կրակի վրա, թեև երկրագունդը

վաղուց դադարել է պտտվելուց,  այնինչ,

կանգ առած ժամացույցի նման հարկավոր է

վերցնել ու թափահարել` միգուցե նորից

սկսի աշխատել… Երբեմն աստղեր են

փայլում դեսուդեն, և պարզ երևում են

ձեռները գրպանները խրած ծառները`

փողոցի երկայնքով շարված: Եվ պարզ

երևում է Ջորդանոն` ինչ-որ գույնզգույն

լաթի  մեջ փաթաթած երկրագունդը թևի տակ`

երևի ժամագործի մոտ է տանում վերջին հույսով…

Երբեմն աշուն է երբեմն:

[sharify]