Հերթեր վաղուց չկան այս քաղաքում, բացի
այն խանութներից ուր ճամպրուկներ են վաճառում:
Հարգի են մեծերն ու տարողունակները,
թեև միջիններն ու փոքրերն էլ չեն մնում
առանց գնորդների: Կան ճամպրուկներ նույնիսկ
նորածինների համար:
Սիրահարները ժամադրավայր են գնում
ճամպրուկներով, որոնց մեջ կա այն ամեն անհրաժեշտը,
ինչը պարտադիր է լուրն առնելուն պես անմիջապես
ճանապարհ ընկնելու համար: Շենքերն էլ են
այստեղ ճամպրուկատեսք – իրար կողքի
խառնիխուռն շարված,
ինչպես կայարանի սպասասրահում:
Խիստ մոդայիկ են համարվում
ճամպրուկաձև հետույքով կանայք,
և տղամարդիկ` ուսերից մինչև հետույքը ներառյալ:
Հանգուցյալներին էլ են դնում դագաղաձև ճամպրուկների մեջ,
բարի ճանապարհ են մաղթում և խնամքով ու զգուշորեն
հողին են հանձնում ուղեբեռի պես, որոշ ժամանակ անց
անխաթար ետ ստանալու ակնկալիքով:
Իսկ երեկոյան նստում են պատուհանների մոտ, ինչպես
գնացքում կամ օդանավում, վարագույրի ճեղքից
երազկոտ հայացքով նայում են հեռու հեռվում
ուրվագծվող Մեծ ու Փոքր Ճամպրուկներին
և ցավից նվվում է նրանց հոգին,
վաղուց կորսված
այդ թանկագին ուղեբեռների համար…