Երբեմն անձրևը տևում է ավելի քան
(չափազանց երկար) և ես ստիպված
գրիչ եմ վերցնում և գրում եմ խառնաձայն
տողեր` այդ խոնավ միապաղաղության մեջ
ինչ-որ փոփոխություն մտցնելու հուսահատ
ճիգով: Երբեմն արևը չի տաքացնում
հնարավորին չափ, իսկ Ջորդանո Բրունոն շարունակում է
խորովվել բենգալյան կրակի վրա, թեև երկրագունդը
վաղուց դադարել է պտտվելուց, այնինչ,
կանգ առած ժամացույցի նման հարկավոր է
վերցնել ու թափահարել` միգուցե նորից
սկսի աշխատել… Երբեմն աստղեր են
փայլում դեսուդեն, և պարզ երևում են
ձեռները գրպանները խրած ծառները`
փողոցի երկայնքով շարված: Եվ պարզ
երևում է Ջորդանոն` ինչ-որ գույնզգույն
լաթի մեջ փաթաթած երկրագունդը թևի տակ`
երևի ժամագործի մոտ է տանում վերջին հույսով…
Երբեմն աշուն է երբեմն: